Այսպիսի թեզեր ունեն մարդիկ, որոնք նույն օրակարգն ունեն, ինչ Ադրբեջանը։ Շահարկում  են Հայաստանի հետ կապված այնպիսի թեզեր, որոնք շատ արագ տարածվում են ադրբեջանական մամուլում։ Ինչ որ տարածքներ հանձնել, բնակավայրերի անուններ նշել։

Ասել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ընդդիմության պնդումներին, որ «իշխանությունը ծախում է երկիրը» և «ոչ թրքացմանը» կարգախոսին․

«Ամբողջ ընթացքում չեմ լսել քաղաքական օրակարգ, ինչպես են հզորացնելու բանակը, Արցախը փրկելու։ Արցախը փրկում են Արցախում, Գյումրու Թատերական հրապարակում Արցախը փրկելը մի քիչ բարդ է։

ԱԺ-ում ունեն ֆրակցիա, թիվ մեկ քաղաքական ամբիոն, այնտեղ կարող են բանավիճել։ Մեր, սովորական հարկատուների հաշվին վճարվում են ու իրենց թեզերը առաջադրում տարբեր հրապարակներում։

Մարզերում աջակցություն չունենալու հետևանքով այս մարդկանց ագրեսիան օրեցօր ավելանալու է։ Ինչու՞ Գյումրիում հազարից ավելի մարդ չի հավաքվել, չեն ուզում լսել այս մարդկանց։ Կատարվողը հասարակության կողմից չունի լայն աջակցություն։

Ինչ երկիշխանության մասին է խոսքը, Շիրակում կա մեկ  մարզպետ, Գյումրիում մեկ քաղաքապետ, երկիշխանությունը դա Իշխանի փոքրիկ երա՞զն է։ Իրենց ձեռագիրը և դավանանքը չի փոխվել ու հետզհետե գնալու են սադրանքների, ագրեսիայի ծավալն ավելացնելու են։ Այնպիսի մարդիկ են ճառում բեմերից, որոնք ընդհանրապես խոսելու իրավունք չունեն»,- նշել է Շիրակի մարզպետը։

Հիշեցնենք, որ այսօրվա հանրահավաքում Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ հերթով պետական կառույցների շենքերը շրջափակելու են, արգելափակելու են և հասնելու են նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն։