Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է ուշագրավ մի դեպքի, որը վերաբերում է Ուկրաինայում պատերազմի պատճառով Միացյալ Թագավորություն արտագաղթած ուկրաինուհուն և նրան մեծահոգաբար ապաստանած ընտանիքին:

Աղբյուրը գրում է, որ Լվովի 22-ամյա բնակչուհի Սոֆիա Կարկադիմը մայիսի սկզբին ապաստան է ստացել Բրեդֆորդ քաղաքում բնակվող 29-ամյա Թոնի Գարնեթի, նրա կնոջ՝ Լորնայի և երկու երեխաների տանը:

Շատ կարճ ժամանակ անց պարզվել է, որ ուկրաինուհին և ընտանիքի հայրը սիրային կապի մեջ են: Թոնին լքել է կնոջը փախստականի ժամանումից ընդամենը տասն օր անց՝ աղջկա հետ տեղափոխվելով իր ծնողների տուն:

Բրիտանացին պնդում է, որ սիրահարվել է և ցանկանում է կյանքի մնացած մասն անցկացնել Սոֆյայի հետ: Վերջինս էլ պնդում է, որ ինքը «տնաքանդ» չէ ու զույգի բաժանման պատճառը չէ:

«Ինձ դուր եկավ ընտանիքը։ Ես շատ ժամանակ էի անցկացնում Լորնայի հետ և փորձում էի օգնել նրան։ Բայց նա երկերեսանի էր։ Նրա մշտական կասկածները, լարվածությունը, դա ուղղակի ինձ և Թոնիին ավելի շատ էր դեպի իրար մղում: Նա ստեղծեց այս իրավիճակը՝ անընդհատ ենթադրելով, որ ինչ-որ բան տեղի է ունենում, երբ դա այդպես չէ: Այսպիսով, սա նրա մեղքն է», – ասել է ուկրաինուհին։

Sun-ի հետ զրույցում տիկին Գարնեթը կարծիք է հայտնել, որ Կարկադիմը «ի սկզբանե աչք էր դրել իր ամուսնու վրա, որոշել է, որ նա ուզում է նրան և վերցրել է նրան»: