Երևանյան մենահամերգիցս առաջ մի ծանր էտապ ունեցա, որի մասին ուզում եմ ձեզ պատմել:

Համերգից մոտ 2 ամիս առաջ, երբ արդեն պիտի սկսվեին ավելի ինտենսիվ փորձերս նվագախմբիս հետ, սկսեցի ջերմել. տաքությունս ստաբիլ 37-37,5 էր, ու գրեթե կորցրի ձայնս (հետո իմացա, որ նման ջերմության դեպքում ձայնալարերը ծանրաբեռնել չէր կարելի): Դե իհարկե, այցելեցի այդ ոլորտի լավագույն բժիշկներին: Պարզվեց՝ ձայնալարերիցս մեկի վրա արյան զեղում էր առաջացել, ինչի դեպքում խիստ հակացուցված է երգելը, իսկ որոշ բժիշկներ անգամ արգելեցին ինձ խոսել:

Ինչքան մոտենում էին համերգի օրերը, այդքան ժամերն ավելի արագ էին անցնում, քան սովորաբար, և ջերմությունս չէր իջնում: Հետազոտվեցի ամբողջությամբ, որպեսզի հասկանանք ջերմությանս պատճառը (ավելի ուշ պիտի պարզվեր, որ ամենը գերլարվածության արդյունք էր):

Անկեղծ ասած՝ ճառագայթները և նման պրոցեդուրաները ոչ մի օգուտ չտվեցին, և համերգից մի քանի օր առաջ բժիշկներն ինձ ասացին, որ համերգը պիտի հետաձգվի կամ չեղարկվի, որ այլ տարբերակ չկա, քանի որ ձայնալարի նման տրավմայով 2 ժամ (իսկ իմ ծրագիրը տևում է 2 ժամ 40 րոպե) երգելու դեպքում հնարավոր է, որ անդարձ կորցնեմ ձայնս:

Պիտի որոշում կայացնեի՝ կա՛մ լսել բժիշկներին, կա՛մ սրտիս ձայնին, որն ինձ հուշում էր, որ հենց տեսնեմ երկրպագուներիս, մի հրաշքով կարողանալու եմ երգել:

Ինչպես տեսնում եք, այդպես էլ եղավ:

Հ.Գ. Այդ օրն ինձ պատեց ձեր սերը, որը բուժիչ հատկություն ունի:
Ես հավատում եմ օդի միջոցով սիրով վարակվելու թեզին…