Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի և 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan. com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով «Գազել»-ի վարորդն ու նրա 6 ուղևորները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի բրիգադների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիիելյանի գլխավորությամբ։